
Ինչպես azad-hye.com-ը տեղեկանում է սփյուռքի նախարարությունից.
Օգոստոսի 2-ին Երևանի Եղիշե Չարենցի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի անցումային երրորդ փուլի փակման արարողությունը:
Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանն իր խոսքում նշեց. «Դուք օտար երկրներում հայի շառավիղներն եք և պետք է իմանաք, որ Հայաստանը ձեր Հայրենիքն է, որտեղ վաղ թե ուշ՝ վերադառնալու եք:
Հորդորում եմ շարունակել պահպանել սերտ կապը Հայրենիքի հետ և հայապահպանությանն ուղղված այլ ծրագրերի նույնպես մասնակցել: Դուք հայ ժողովրդի զավակներն եք, մենք միշտ սպասում ենք ձեզ»:
Այնուհետև ազգային, ժողովրդական երգերի ու պարերի կատարումներով, ասմունքով հանդես եկան սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները, իսկ վերջում միասնաբար երգեցին «Էրեբունի-Երևան» երգը և հնչեցրին «Հայր մեր» Տերունական աղոթքը:
«Արի տուն» ծրագրի անցումային երրորդ փուլին մասնակցում էր 33 պատանի՝ Ռուսաստանից, Մոլդովայից, Լատվիայից, Բելգիայից և Ֆրանսիայից: