Անցկացվեց հայ կինոյի զարգացման ռազմավարություններին ուղղված կոնֆերանս

Անցկացվեց հայ կինոյի զարգացման ռազմավարություններին ուղղված կոնֆերանս

Դեկտեմբերի-1 Աղվերանում ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարությունների քննարկմանն ու մշակմանը։Աշխատաժողովին հրավիրված էր նաև՝ azad-hye.com-ը:

Աշխատաժողովի նպատակն էր՝ ձևավորել երկխոսություն կինոգործիչների, կառավարության և օրենսդիր մարմինների, ինչպես նաև պետական կազմակերպությունների և կինոյի ոլորտի հետ այս կամ այն կերպ առնչվող գերատեսչությունների միջև


Աշխատաժողովին ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանայանը, ՀՀ Ազգային Կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Հայաստանի Կինոմիության Նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը:

Աշխատաժողովին      մասնակցում     էին     նաև         կինոարտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, կինոգործիչներ, միջազգային և տեղական փորձագետներ և միջոլորտային ներկայացուցիչներ՝ տուրիզմի, ֆինանսների և ՏՏ ոլորտներից:

Աշխատաժողովի ընթացքում՝ կլոր սեղանի շուրջ, վեր հանվեցին Հայաստանում կինոյի զարգացմանը խոչընդոտող հստակ սահմանված մի շարք խնդիրներ, որոնց առաջարկվեցին լուծման գործող մոդելներ միջազգային փորձագետների և մասնագետների կողմից, իսկ հաջորդած աշխատարանի խմբերը տեղում մշակեցին կիրառելի ճանապարհային քարտեզ։ Արդյունքում նաև ձևավորվեց նոր համագործակցային լեզու ոլորտի ներկայացուցիչների և պետական մարմինների միջև։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով.

«Նման համաժողովները շատ բարենպաստ են, քանի որ կարևոր է խնդիրների բարձրաձայնումը երկխոսության հարթակի ձևաչափով՝ խնդիրների հանգուցալուծում գտնելու համար»։

Ինչպես նշեց աշխատաժողովի վարող, Դիմ Քըմյունիքեյշնս կազմակերպության տնօրեն, ԻՖԿԱ-ի համահիմնադիր և պրոդյուսեր Րաֆֆի Նիզիբլեանը. «Նախատեսվում է ոլորտում շատ կարևոր և պակասող հասարակական ակտիվության և փոխադարձ վստահության զարգացում։ Կոնֆերանսի արդյունքում նախատեսվում է մշակել մեխանիզմներ, որոնք օրինաչափորեն տանում են դեպի հայկական կինոյի զարգացում»։

Աշխատաժողովի առաջին նիստը նվիրված էր միջազգային համատեղ արտադրությանն ուղղված ռազմավարությանը,  որպես  կինոարտադրության  զարգացման  կենսական  գործոն, ինչպես նաև իրավա-ֆինանսական կարգավորումներին, պետական աջակցության մոդելներին և արտադրող – պետություն հարաբերություններին, որը համակարգեց կինոգործիչ, դերասան, գրող և ԻՖԿԱ-ի համահիմնադիր Արմինե Անդան։ 

Աշխատաժողովի առաջին նիստի ընթացքում կապ հաստատվեց Վրաստանի կինոյի ոլորտում կարևոր բարեփոխումների հեղինակ, Վրաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն, պրոդյուսեր և կինոիրավաբան Թամարա Թաթիշվիլիի հետ։

Որպես խոսնակ հանդես եկան ԵվրասիաԴոկ ծրագրի համակարգող, պրոդյուսեր Ֆրեդերի Վոլեուն և ֆինանսական իրավաբան, Էֆ Էմ Էս Քոնսալթինգ կազմակերպության տնօրեն և ԻՖԿԱ-ի գործընկեր Կարեն Ֆիդանյանը։ Ներկա էր նաև Կանադահայ օպերատոր պրոդյուսեր Ալեն Ջուլֆայանը

ԻՖԿԱ համահիմնադիր և աշխատաժողովի ընդհանուր համակարգող Սաթիկ Ստեփանյանի հրավերով ուղիղ տեսակապ հաստատվեց Իրանի՝ Ֆարաբի կինոհիﬓադրամի գլխավոր տնօրեն՝ Ալիռեզահ Թաբեշի, միջազգային բաժնի պետ՝ Ռաէդ Ֆարըդզադէհի, քոփրոդաքշն արտադրությունների տնօրեն՝ Մոսթաֆա Ահմադի հետ:

Երկրորդ նիստը նվիրված էր կինոյի որակական կառավարման չափանիշներին, պետական աջակցության կառույցի հոգաբարձուների խորհրդի և հանձնախմբերի ստեղծման չափանիշներին, որը համակարգեց Ստեղծագործ Եվրոպայի Հայաստանյան գրասենյակի ղեկավար, ԻՖԿԱ-ի համահիմնադիր, Սեդա Գրիգորյանը։ Նիստի ընթացքում նաև կապ հաստատվեց Կոսովոյի ազգային կինոկենտրոնի տնօրեն Արբեն Ժարկույի հետ։ Կրթության ոլորտում չափանիշների հաստատման սեփական փորձով կիսվեց Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքս Մարտիրոսյանը։

Երրորդ՝ վերջին նիստը, անդրադարձավ կինոոլորտ բերելու պետական և մասնավոր ներդրումների մոդելներին և խթանիչներին, ինչպես նաև կինոյի պետական աջակցման բյուջեի մեծացման անհրաժեշտությանը և նախապայմաններին։ ԻՖԿԱ-ի համահիմնադիր, ռեժիսոր, պրոդյուսեր Վիկտորյա Ալեքսանյանը, որը համակարգեց նիստը, նշեց բազմաթիվ ներդրումային աղբյուրների և նոր ֆոնդերի ստեղծման կարևորությունը կինոյի զարգամանն ընդառաջ։

Նիստին որպես խոսնակ մասնակցեցին Սմարթգեյթ վենչուրային հիմնադրամի համահիմնադիր գործընկեր Համբարձում Կաղկեցյանը, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեյի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, և Ակադեմի Ֆիլմզ կազմակերպության տնօրեն՝ Արամ Թորոսյանը։

Նիստերին հաջորդեց աշխատարան։

Աշխատաժողովի արդյունքները զեկույցի տեսքով կտրամադրվի ԿԳՄՍ նախարարությանը, ոլորտի բարեփոխումների հետագա աշխատանքների համար։