Սփյուռքի նախարարն ընդունեց Վերապատվելի Հարություն Սելիմյանին

Սփյուռքի նախարարն ընդունեց Վերապատվելի Հարություն Սելիմյանին

Ինչպես տեղեկանում ենք սփյուռքի նախարարությունից.

Հունիսի 28-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի առաջնորդ Վերապատվելի Հարություն Սելիմյանին:

Շնորհավորելով սփյուռքի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Վերապատվելի Հարություն Սելիմյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին և նպաստել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ու արդյունավետ համագործակցությանը: «Հեղափոխությունից հետո ընդհանուր դրականության, թափանցիկ գործելաոճի  մթնոլորտ կա Հայաստանում: Երկուստեք ակնկալիքներ են առկա նաև Հայաստան-սփյուռք տիրույթում, որտեղ առաջնային պիտի լինեն գործակցությունն ու ռեսուրսների փոխօգտագործումը»,-նշեց Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի առաջնորդը:

Համաձայնելով հյուրի հնչեցրած կարծիքներին՝ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ թավշյա հեղափոխությունը դարձավ նախևառաջ անհատի վերափոխման, սիրո, հանդուրժողականության և ժպիտի հեղափոխություն: Անդրադառնալով սփյուռքի հետ աշխատանքին՝ նախարարը նշեց, որ հեղափոխություն պետք է լինի նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում՝ փոփոխելով աշխատանքի ու շփման որակը:

«Այլևս չի լինելու խտրական վերաբերմունք: Սփյուռքի նախարարությունը պիտի ներկայացնի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի հետաքրքրությունները, շահն ու իրավունքը»,-շեշտեց Մխիթար Հայրապետյանը:

Հանդիպաման ավարտին քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: