Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Քայլ դեպի տուն» ծրագրին

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Քայլ դեպի տուն» ծրագրին

Ինչպես azad-hye.com-ը տեղեկանում է սփյուռքի նախարարությունից.

Օգոստոսի 7-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Քայլ դեպի տուն» ծրագրին:

Բանախոսներն էին սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը և «Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը:

Ներկայացնելով «Քայլ դեպի տուն» ծրագրի կազմակերպչական բաղադրիչը՝ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ ծրագիրն աննախադեպ է մասնակիցների միաժամանակյա մասնակցության առումով: «Ծրագիրն «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի միացման արդյունքն է: Նպատակը, որ մրցույթին կարողանան մասնակցել նաև այլ կազմակերպություններ և բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Մրցույթին մասնակցել է չորս կազմակերպություն: Շահել է «Լոռե հոլդինգ» ՍՊԸ-ն: Շահող կազմակերպությունն արդեն սկսել է կազմակերպական աշխատանքները», – հավելեց փոխնախարարը:

«Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը մանրամասնեց ծրագրի բովանդակային բաղադրիչի մասին: Նա նշեց, որ «Քայլ դեպի տուն»-ը հայապահպանությանը և հայրենադարձությանը միտված ծրագիր է: Ծրագրի պատասխանատուն նշեց, որ հայոց լեզվի արագացված դասընթացների համար խմբերը կազմվել են ըստ լեզվի իմացության մակարդակի, տարիքի և տարածաշրջանի առանձնահատկությունների: Հայոց լեզվի դասաժամերը, կրկնապատկվել են, ավելացել է հայոց պատմութուն առարկան: Հայկ Ենգիբարյանը կարևորեց, որ ծրագրի մասնակիցները կայցելեն նաև հայաստանյան ուսումնական հաստատություններ, կծանոթանան ուսումնական ծրագրերին և գուցե որոշում կայացնեն ուսումը շարունակել Հայաստանում:

Այնուհետև բանախոսները պատասխանեցին լրագրողների՝ ծրագրի բյուջեի, անվանման, նպատակներին ու հեռանկարներին վերաբերող հարցերին:

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր: