Սփյուռքի նախարարը պաշտոնական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն

Սփյուռքի նախարարը պաշտոնական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն

Ինչպես azad-hye.com-ը տեղեկանում է սփյուռքի նախարարությունից.

Հուլիսի 24-27-ը ՀՀ սփյուռքի նախարարի գլխավորած պատվիակությունը Կիպրոսի նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում՝ Նիկոսիայում անցկացվող «Կիպրացիների համաշխարհային համաժողով»-ին, ինչպես նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում է նաև սփյուռքի նախարարության մամլո քարտուղար Նունե Այլանջյանը:

Այցի առաջին օրը նախարարը կհանդիպի Կիպրոսի նախագահի՝ Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի  հետ: Կքննարկվեն հայ-կիպրական հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հուլիսի 25-ին նախարարը կայցելի Նիկոսիայի «Makedonitissa» ռազմական հուշահամալիր և ռազմական գերեզմանատուն, որտեղ ծաղկեպսակ կդնի՝ իր հարգանքի տուրքը մատուցելով 1974թ. հուլիսին Թուրքիայի զորքերի կողմից Կիպրոս ներխուժման արդյունքում կիպրացի և հույն զոհվածների հիշատակին:

Սփյուռքի նախարարի պատվիրակությունը կհանդիպի նաև ՀԲԸՄ Նիկոսիայի գրասենյակի ղեկավար կազմի, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանի հետ, այնուհետև նրանց ուղեկցությամբ կայցելի «Մելքոնյան» կրթական հաստատություն:

Նույն օրը՝ երեկոյան, նախարարի պատվիրակությունը Նիկոսիայի Ֆիլեքսոնիա կենտրոնում կմասնակցի «Կիպրացիների համաշխարհային համաժողով»-ի բացման արարողությանը:

Հուլիսի 26-ին՝ առավոտյան նախարարը կհանդիպի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, կմասնակցի Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը:

Նույն օրը նախարարը կհանդիպ Հունաստանում և Կիպրոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի հետ, իսկ երեկոյան կմեկնի Նիկոսիայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, հանդիպումներ կունենա տեղի հայ համայնքի և կառույցների ներկայացուցիչների հետ:

Հուլիսի 27-ին կավարտվի նախարարի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն: