Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՄԸՄ-ի հիմնադրման 100 ամյակին նվիրված նամականիշի մարում և գիտաժողով

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՄԸՄ-ի հիմնադրման 100 ամյակին նվիրված նամականիշի մարում և գիտաժողով

Ինչպես azad-hye.com-ը տեղեկանում է սփյուռքի նախարարությունից.

Հուլիսի 26-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՄԸՄ-ի հիմնադրման 100 ամյակին նվիրված նամականիշի մարում և գիտաժողով:

Նամականիշի մարման արարողությանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

ՀՄԸՄ-ի հիմնադրման 100 ամյակին նվիրված գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանը: Շնորհավորելով ՀՄԸՄ 100 ամյակի առթիվ՝ փոխնախարարը մասնավորապես նշեց. «ՀՄԸՄ-ն իր ստեղծման օրվանից մշտապես իրականացրել է տարբեր ազգապահպան ծրագրեր՝ սերունդներին դաստիարակելով հայրենասիրական և մարդասիրական արժեքներով:

Ինձ համար, որպես նախկին հոմենեթմենական, և նախկին հոմենեթմենականների զավակ, անչափ ոգևորիչ են այս հոբելյանի առիթով տեղի ունեցող տոնախմբությունները: Պատիվ ունենալով մասնակցել ՀՄԸՄ 100- ամյակին նվիրված ձեռնարկներին՝ հերթական անգամ վերապրեցի այն զգացմունքները, որ երբևէ ունեցել եմ սկաուտական շարքերում եղած ժամանակ: Համոզված եմ, որ հայրենիքում համախմբված ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքի անդամները դրական մեծ լիցքեր կստանան և նոր ուժով, նույն եռանդով կշարունակեն իրենց առաքելությունը:

Վստահեցնում եմ, որ սփյուռքի նախարարությունը պատրաստակամ է մշտապես աջակցելու ՀՄԸՄ-ի ծրագրերին, որը կհանգեցնի որակական նոր մակարդակի համագործակցության:  Մենք, այսօր  նոր սկիզբ ենք դնում  Հայաստան-Սփյուռք կապերի մեջ՝ նոր ձևաչափով գործելով նոր Հայաստանում, և ուրեմն, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՄԸՄ-ի 100 ամյակի առթիվ և գիտաժողովի աշխատանքներին մաղթում եմ   արդյունավետ ընթացք»:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՄԸՄ-ի կեդրոնական վարչության անդամ Իշխան Եղայանը: «ՀՄԸՄ 100 ամյակին նվիրված միջոցառումների շարքում այս գիտաժողովը աննախընթաց կարևորություն ունի՝ հայակերտման ու հայապահպանության կառույցի գործունեության ուսումնասիրության, արժևորման, գնահատման առումով», – նշեց նա:

«ՀՄԸՄ կազմավորումը, առաջին քայլերն ու գործունեությունը» թեմայով զեկուցումով հանդես եկավ ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը՝ ներկայացնելով կազմակերպության ստեղծման ու կայացման պատմությունը:

ՀՄԸՄ կենտրոնական վարչության նախկին ատենադպիր Հարութ Չեքիճյանի «Մայր Հայրենիք վերադարձն ու գործունեությունը (1918-1921)» թեմայով զեկուցումը վերաբերում էր ՀՄԸՄ հետագա զարգացման ընթացքին, «ՀՄԸՄ իբրեւ Սփյուռքում հայապահպանության ջահակիր, եւ համասփյուռքյան կառույցի ստեղծումը» թեմայով զեկուցում ներկայացրեց Տիգրան Ճինպաշյանը:

«Վերընձյուղում Հայրենիքում եւ գործունԷությունը 1989-ից մինչեւ մեր օրերը» թեմայով զեկուցեց Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով վերջին տասնամյակներում կազմակերպության գործունեության վերսկսումը Հայաստանում:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Շաւարշ Քրիսյանը: