
?
ԵՐԵԽԱՅԻՆ ՃԻՇՏ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԸ
ՆՐԱ ԲԱՐՁՐԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄՆ Է`
Ջ. Գյուլամիրյան
Երևանի Խ. Աբովյանի անվան
հայկական մանկավարժական
համալսարան, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
?
Կրթի՛ր մանկանը իր ճամբան սկսած ժամանակ,
որ իր ծերութեան ժամանակ էլ դրանից չխոտորւի
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
Երեխա դաստիարակելը երբեք դյուրին գործ չի եղել: Այսօր այն առավել դժվար է. քաղաքակրթությունը, հասարակական – տնտեսական – շուկայական հարաբե?րու?թյուն???ները երեխայի դաստիարակության գործում լուրջ և դժվար կասեցվող մարտա?հրավեր?ներ են, որոնք անխտիր իշխում են բոլորիս, առավել ևս` մատաղ սերնդին:
Երեխային կրթելն ու դաստիարակելը ժամանակի ծախս է, համբերության անհրաժեշտություն, հավատի պարտադրանք, զոհողություն ու սիրո ցույց, աշխատանքի` ծանր ու պատասխանատու արդյունք: Դե, պատկերացնենք թե այսքան զոհողության գնով իրականացվող գարծընթացն ինչ արժեք պիտի լինի մարդու համար, որքան բարձր գնահատանք, երբ արդյունքում տեսնենք մեր ջանքերի գնով ձևավորված մի կատարյալ մարդ` մեր իդեալը` կատարելատիպը:
Այդպիսի երեխա դաստաիարակելու, կրթելու անսակարկ պայմաններից մեկը նրա բարձրարժեքության ընդունումն է: Ավելին` ոչ միայն ընդունումը, այլև երեխայի այդ կարիքի բավարարումը. երեխան պիտի զգա, որ ինքը կա?րևոր մարդ է տանը, դպրոցում, հասարակական միջավայրում, տարեկից?նե?րի, ազգականների, բարեկամ?ների և, վերջապես, հասարակության, պետության մեջ: Բոլորն էլ այդ զգացողության կարիքն ունեն, և եթե այն բավարարված չէ, մարդը կապրի լուրջ ներանձնային ստրես, չի կարող խաղաղ ապրել ինքն իր հետ, եթե նա զգա իր թերարժեքությունը կամ անարժեքությունը: Ինքն իրեն ոչ պիտանի զգալը կամ համարելը ծանր հոգեվիճակ է, որի հիմքերը դրվում են մանկության տարիներին, երբ երեխան չի նկատվում, անտեսվում է միջավայրի կողմից, չի հարգվում, չի արժևորվում: Այնինչ` ինչպես չափահասը, այնպես էլ ամենափոքր մանուկն այդ ամենի կարիքն ունեն: Երիսց ճշմարիտ է այն իմաստությունը, որն ասում է. ?անձին ապտակելն ավելի լավ է` քան նրան անտեսելը?: Երեխաները, որպես կանոն, ըմբոստանում են այն մեծերի, ավագների դեմ, որոնք փորձում են իրենց չնկատել: Նրանք մեծի ուշադրությունը գրավելու համար (այդ թվում նաև ուսուցչի) կարող են ինչ-որ բան կոտրել դասարանում` նստարանը, պատոհանի ապակին և այլն, քաշել ընկերուհու մազերը, աղմկել, որոշ առարկաներ գետին նետել, սուլել, բղավել և այլն: Շատ փոքրիկներ, օրինակ, չեն ուտում միայն այն պատ?ճառով, որ գրավեն մայրիկի ուշադրությունը, լաց են լինում մինչև հիստերիկայի աստիճան` բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար:
Դասի ժամանակ ուսուցչի կողմից անտեսված երեխան կարող է ծիծաղել անտեղի, հռհռալ, հազալ, գիրքը փակել, քաշել դասընկերուհու մազերը, խփել ընկերոջ գլխին կամ պարզապես նստել, ոչինչ չանել` դրանով մյուսներից տարբերվելու, բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար:
Մանկության տարիներին անտեսված, չկարևորված, չգնահատված երեխան մեծանում է` մշտապես գնահատվելու, արժևորվելու կարիքով, և չափահասու?թյան բարձրունքում անգամ անում է ամեն ինչ` ուշադրության արժանանալու համար: Այդպիսի մարդիկ անընդհատ ընդգծում են իրենց արածը, ձգտում ինքնատիպ և անփոխարինելի երևալ, երիտասարդներն ուշադրություն գրավելու համար հագնում են տվյալ հասարակության մեջ չընդունված ոճով, ընտրում են աչքի ընտրող սանրվածք, իրենց նպատակին հասնելու միջոցների միջև խտրականություն չեն դնում և այլն: Այսինքն` եթե մանկության տարիներին երեխայի բարձրարժեքությունը չի կարևորվել, երեխան նվաստացել է, արժեզրկվել, նրան մեջ ձևավորվում է թերարժեքության զգացում, սեփական ուժերի նկատմամբ անվստահություն, որոնք նրան ուղեկցում են ողջ կյանքում:
Անառարկելի է, որ երբ մարդն ապրում է. ?Ոչ մեկին պետք չեմ?, ? ?Ես ինձնից բան չեմ ներկայացնում? հոգեվիճակով, նա դժբախտ է. որքան հասա?րա?կությունը հարուստ է ապերջանիկ մարդկանցով` այնքան հասարակությունն ինքը դառնում է դժբախտ:
Ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ` երեխան իրականացնում է գործու?նե?ու?թյան երեք տեսակ` խաղ, ուսում, աշխատանք: Գործունեության այս երեք ոլորտներում էլ նա պետք է ընդունվի, գնահատվի այնպիսին, ինչպիսին որ կա, պիտի ընդունվի իբրև բարձրարժեք անձ: Գործունեության այս երեք տեսակներն էլ նա միաժամանակ, իրականացնում է ինչպես տանը, այնպես էլ դպրոցում: Կարևոր է գիտակցել, որ թե՛ ընտանիքը, թե՛ դպրոցը պատասխանատու են երեխայի մեջ սեփական անձի նկատմամբ հարգանքի, արժևորման, բարձր ինքնագնահատականի դաստիարակության հարցում:
Որո՞նք են այն պայմանները, որոնք պիտի ապահովեն տանը` ծնողները, դպրոցում` ուսուցիչները երեխայի մեջ սեփական արժեքը բարձրացնելու, ինքնահարգանքի կարողություն ձևավորելու համար.
– Թե՛ դպրոցում, թե՛ տանը երեխան պիտի իր նկատմամբ զգա հարգանք` անկախ այն բանից, թե ինքն ինչպես է սովորում, ինչպիսի վարք է դրսևորում: Ժողո?վրդա?կան իմաստությունն ասումէ. ?Սիրի՛ր ինձ այնպիսին, ինչպիսին որ ես կամ, ես կդառնամ այնպիսին, ինչպիսին դու ես ուզում?:
– Երեխային պիտի տալ ինքնադրսևորման, պատասխանատություն կրելու առիթներ և ամենափոքր հաջողության դեպքում անգամ քաջալրել, գնահատել, անկեղծորեն հրճվել նրա ցուցաբերած անգամ չնչին առաջընթացով:
Երբ որևէ մարդ (անկախ տարիքից) համոզված է, որ ինքն իրենից արժեք է ներ?կա?յացնում, իրեն վստահում են կարևոր գործեր, ինքը պատաս?խանատու գործ ունի անելու, սկսում է հարգել իրեն և ձգտում է դրանք կատարել լավագույն ձևով:
ՈՒրեմն` հաճախ երեխային այնպիսի պարտականություններ պիտի տալ, որ մեծե?րի վստահությունը նրան ապշեցնի: Գարեգին Նժդեհը իրավացիորեն հավաստում է. □Անյուսօրէն տգէտները միայն չգիտեն, որ չօգտագործւած ուժերի մի հսկայական պահեստ կայ մարդու մէջ, որից, դժբախտաբար, կարող են օգտւել միայն քչերը□:
– Երեխայի հետ պիտի քայլել հպարտ և ծանոթներին հանդիպելիս` նրան ներկայացնել արժանապատվորեն և անունով. երբ մանուկը իր անունով ներկա?յա?նում է ուրիշներին, ապրում է անձնապես կարևոր բարձրարժեք լինելու զգացում:
– Երբեք և ոչ մեկին մի՛ բողոքեք Ձեր երեխայից` նրա կատարած դատապարտելի արարքների համար. այդ չափազանց նվաստացնում է նրան: Երեխան ընտելանում է մեղադրանքին և հարմարվում իր այդպիսին լինելու մտքին. ?Միևնույնն է, արդեն բոլորը գիտեն, որ ես այսպիսին եմ?, – եզրակացնում է նա և դառնում հենց այդպիսին:
– Թու՛յլ տվեք, որ երեխան իր կարծիքը հայտնի, համարձակորեն ինքը ներկա?յացնի իրեն, խոսի իր արժեքների, զբաղմունքի, հոգսերի, մտահոգությունների մասին, ինքը գնահատի իրեն և իր արարքները:
– Սովորեցրե՛ք երեխաներին որոշումներ ընդունել, հարգե՛ք նրանց որոշումները, նպաստե՛ք դրանց կատարմանը և պահանջե՛ք, որ պատասխանատվություն կրեն այդ որոշումների համար:
– Հարգե՛ք երեխայի կարծիքը բոլոր հարցերում (եթե անգամ համակարծիք չէք), հաշվի՛ նստեք նրա կարծիքի հետ (տեսակետների): Թող նա իմանա, որ թե՛ դասարանում (դպրոցում), թե՛ տանը ինքը կարևոր դեր ունի: Այդ դեպքում` նա անտարբերությամբ չի ընդունի ընտանիքում կամ դպրոցում կատարվածը,? ակտիվորեն կմասնակցի ծագած դժվարությունների հաղթահարմանը:
– Երեխաներին տվե՛ք ձեզ համար ամենաթանկը` ժամանակը: Եթե այդ ժամանակը չտրամադրվի, ինքը այն կխլի ձեզանից` աղմկելով, կոտրելով, ծեծելով, պատռելով և այլն: Այդ դեպքում` դրանք հաղթահարելու համար ավելի շատ ժամանակ պետք կգա:
Դորոթի Բրիջն իր ?Զավակիդ և քեզ հարգիր? գրքում պնդում է. ?Ամենամեծ նվերը, որ կարող ես տալ զավակիդ, նրան իր անձը սիրելու հարցում օգնելն է?:
Պետք է հիշել, որ մարդն ինչ էլ որ ունենա աշխարհում` հրաշալի առողջություն, հարստություն, պաշտոն և անսահման բարիքներ` միևնույնն է, նա անբավարարվա?ծության զգացում կունենա, դժգոհ կլինի իր միջավայրից, անհաշտ կապրի մարդկանց և իր հետ, եթե զգա որ արժանացած չէ շրջապատի հարգանքին:
Անշուշտ, չափազանց դժվար է այս պատվիրաններն ի կատար ածելը, հաճախ են լինում հուսահատության պահեր, հաճախ է վհատությունը պատում մեզ և փորձում թևաթափ անել: Սակայն եկեք հիշենք մի անծանոթ բանաստեղծի խնդրանքն առ Աստված.
Տե-ր?
Չե՛մ խնդրում, որ ինձ տաս մի վսեմ գործ քո գործերից,
Ո՛չ էլ ինձ կանչես վսեմ կոչումով և կամ ուսերիս դնես մեծ պարտականություն.
Խնդրում եմ պստիկ մի ձեռք, որ ափիս մեջ դնեմ,
– Տու՛ր ինձ մի մատղաշ երեխա, որպեսզի ճամփաս լուսավորի.
ամայի և հաճելի ճամփա, որը քեզ կնվիենք:
– Տու՛ր ինձ մի մեղմ ձայն, որով աղոթեմ:
– Տու՛ր ինձ փայլուն աչքեր, որ քեզ տեսնեմ,
Տե-ր?
Միակ թագը, որ խնդրում եմ` զարդարես ճակատս.
Այն էլ այս է` օգնի՛ր ինձ, որ մի երեխա կրթեմ:
Չեմ խնդրում բարձր դիրքեր` իմաստունների մեջ,
Ոչ էլ փառք և պատիվ` մարդկանց մեջ:
Այլ խնդրում եմ` շնորհես ինձ մտնել դռներից ներս`
Բռնած մի երեխայի ձեռքը փափլիկ,
Որին ես կվարժեցնեմ քայլել ճամփաներովդ:
Հիշենք, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ են այս խնդրում: Իսկ մենք ունենք?