See English summary below
Անուշիկ Խդրյան
Ազատ-Հայ
Երկար տասնամյակներ են անցել այս օրերից: Տարիների ընթացքն ու բեռը չեն կարող ստիպել, որ մենք մոռանանք այն, ինչ եղել է: Հիշողությունը, սակայն, մարդուն տված է ոչ թե անցյալ ցավերն անվերջ նորոգելու, այլ, սրբազան հիշատակները պաշտելով հանդերձ, նոր ճանապարհն անշեղ անցնելու համար: Մեր պատմության վերջին տասնամյակները իրենց ելման ահավոր մղձավանջով և վերածննդի ու աննախադեպ վերելքի երջանիկ իրականությամբ` անհավատալի հրաշք են թվում նույնիսկ ամենառոմանտիկ հոգիներին:
Այժմ, երբ տասնամյակների հեռվում է մնացել հայոց բազմահազարյա պատմության ամենամեծ ողբերգությունը, երբ երևույթն ու նրա գործոններն առավել ընդգծվել են ժամանակի համայնապատկերի վրա, հարկ է անաչառ հայացքով նայել դեպի ետ և անսխալ ճանաչվել ոչ միայն չարագործության հեղինակներին, այլև բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին Մեծ Եղեռնի իրականացումը:
Եղեռնը, որպես մարդկային պատմության մեջ կատարված առաջին ցեղասպանություն, դեռ սպասում է համաշխարհային իր ճանաչմանն ու համընդհանուր դատաստանին:
Հայաստանի սրտում հիմա լուսաճաճանչ շողում է քաղաքամայր Երևանը, Հայոց հին ու նոր մայրաքաղաքներից ամենահինն ու ամենանորը, ամենաշքեղն ու ամենահզորը: Եվ Երևանի սրտում էլ` Ծիծեռնակաբերդի կանաչափառ բարձունքին, աշխարհին ի տես, լուսե երազանքի պես դեպի կապույտ երկինքն է միտում հավերժահուր կոթողը` ի հիշատակ անցյալ մեր ողբերգության, ի նշանավորումն շքեղ մեր ծաղկումի և ի փառս վերածնված մեր աշխարհի:
Genocide and Renaissance
Anushik Khdryan writes about Genocide and Renaissance. She points out that it is necessary for every Armenian to know about the perpetrators of the Armenian Genocide and all those who made the execution of the Genocide possible. The Genocide should be condemned worldwide.
She ends the article describing the glowing lights of Yerevan, the oldest and newest capital of Armenia, a city looking towards the future, without forgetting the past. The memorial of the Genocide victims reminds the new generations about the cruelty of the history, but also gives hope for the future.