Akhtamar: A subject of Turkish propaganda

Akhtamar: A subject of Turkish propaganda

Akhtamar Monastery


Ani Avetyan describes the atmosphere in Armenia prior to the Holy Mass ceremony permitted by the Turkish authorities in the island of Akhtamar in lake Van, where an Armenian church exists for about a thousand years.


Text in Armenian below:


Թուրքերն ավելի քիչ կշահարկեն, եթե?


Անի Ավետյան


Ազատ-Հայ կայքին հատուկ


Վերջին շրջանում Երևանյան մամուլի ակումբներում ամենաքննարկվող թեմաներից է սեպտեմբերի է 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք արարողությունը: Ասուլիսներ են հրավիրում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ ու դիտարկում տեղի ունենալիքը տարբեր տեսանկյուններից:


Մանրամասներ ներկայացնելուց առաջ փոքրիկ հիշեցում Սուրբ Խաչի մասին: Բրիտանական Reuters գործակալությունը, անդրադառնալով թեմային, նշում է.?2007 թվականի վերանորոգումից հետո, որը թուրքական իշխանություններին արժեցավ 1.5 միլիոն դոլլար, Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացվել է որպես թանգրարան: Եվ չնայած հոգևոր այրերի խնդրանքներին` Անկարան թույլ չտվեց եկեղեցու վրա խաչ տեղադրել?,-գրում է Reuters-ը և ավելացնում.□Եկեղեցու թվացյալ հանդարտության տակ թաքնված է մինչև այսօր Հայաստանին և Թուրքիային հետապնդող խեղված անցյալը: Աշխարհով մեկ սփռված հայերն Արևելյան Անատոլիայում գտնվող այս եկեղեցին դիտում են որպես դարեր շարունակ կատարված բռնության, բռնագաղթի և զանգվածային կոտորածների լուռ վկա?:


Արարողության մասին առավել ուշագրավ  տեսակետներն ու մեկնաբանությունները ներկայացված են ստորև:


Թուրքական Milliyet պարբերականը գրում է, որ մատուցվելիք պատարագը ?հաշտեցման և խաղաղության ժեստ է?/չակերտներում նշվածը բառացի մեջբերում է/ Թուրքիայի կողմից:


ԵՊՀ Պատմության ֆակուլտետի փոխդեկան Էդիկ Մինասյանը պարզաբանում է.?Շուտով` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, բարձրացվելու է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը, ԱՄՆ սենատում Հայոց ցեղասպանության հարցը դարձյալ քննարկվելու է: Այս համատեքստում թուրքական կողմը շարունակում է իր շոուն` աշխարհի աչքին թոզ փչելով?:


Նույն բուհի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի կարծիքով պատարագին հարկավոր է մասնակցել, բայց ոչ այնպիսի ոգևրությամբ, որ Վանում որևէ ազատ հյուրանոց չմնա: Բանախոսը նշում է նաև. ?Մինչև այսօր բազմաթիվ սփյուռքահայեր դարձել են թուրքական ջրաղացի կարևոր մաս?:


ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն սպասվելիք արարողությունը որակել է ?հայերի մասնակցությամբ թուրքական թատրոն?: ՀՅԴ գործչի խոսքով, այդ միջոցառման հատկապես դրսի մասնակիցները պետք է հասկանան, որ իրենք նպաստում են ?Թուրքիայի ակցիայի անցկացման հաջողության?: Ընդգծելով, որ անգամ պարզ էլ չէ, թե ինչպիսի միջոցառում է լինելու եկեղեցում, Կիրո Մանոյանը համոզմունք է հայտնել, որ այն կփոխի Թուրքիայի վարկանիշը միջազգային ասպարեզում, բայց ոչ մի կերպ չի օգտագործվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին նոր թափ հաղորդելու համար:


Գրականության ինսիտուտի փոխտնօրեն Վարդան Դևիկյան.?Մյուս Ազգերը մասնակցում են իրենց եկեղեցիներում մատուցվող պատարագներին, իսկ հայերը, չմասնակցելով, կներկայանան որպես անհանդուրժող և ագրեսոր?: Բանախոսը հատկապես ընդգծում է, որ եկեղեցին չի վերաօծվել.?Չվերաօծված եկեղեցում պատարագ մատուցելը նույն է, ինչ ես փողոցում բռնեմ ու որևէ զույգի պսակեմ?:


Թուրքական մամուլը տեղեկություն էր տարածել, թե  արարողությանը 6000-ից ավելի մարդ է մասնակցելու, այնինչ դա նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ: ?Վան-Վասպուրական? հայրենակցական  հասարակական կազմակերպության նախագահ Ռոմիկ Հովնանյանն իր հերթին տեղեկացնում է, որ Սուրբ Խաչ եկեղեցու մակերեսը մոտ 100 քմ է, բացի այս Վրաստանի տարածքով 2 օրում չի կարող այդքան մարդ անցնել արարողությանը հասնելու համար: ?Վան-Վասպուրականի? ղեկավարը կարծիք է հայտնում, որ տուրիզմի ղեկավարներն ուզում են ?ժողովրդի վրա փող աշխատել?:


?Ես զարմացած եմ, որ մենք այդքան հեշտ դրանից հրաժարվում ենք: Չեմ ուզում ձեզ նեղացնել, բայց ինձ մոտ կասկածներ են առաջանում` իրո՞ք մենք համարում ենք, որ եկեղեցին հայկական է, մերն է, թե`ոչ?,- լրագրողների հետ հանդիպմանը վրդովված ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագին չմասնակցելու վերաբերյալ կոչերին:


Հայ երիտասարդները ևս անմասն  չեն մնացել քննարկվող նյութին. մի խումբ երիտասարդական կազմակերպություններ թուրքերի կողմից կազմակերպված այս արարողությունը որակում են որպես թուրքանպաստ և հայածաղր:


?Երկու դեպքում էլ թուրքերը կշահարկեն այդ հարցը, հիմա պետք է հաշվել, թե որ դեպքում ավելի քիչ կշահարկեն, և ըստ դրա կողմնորոշվել?,-սա արդեն թուրքագետ Հակոբ Չաքրյանի մեկնաբանությունն է:


Մի ուրիշ թուրքագետ ևս, ով նաև  վանեցու հետնորդ  է, չի մասնակցի արարողությանը: Ռուբեն Սաֆարյանը  համոզված  է, որ հարցի քաղաքական կողմը բնորոշում է Թուրքիայի այն պահվածքը,որ մերժելով Հայոց ցեղասպանության փաստը, ավերելով Թուրքիայում հայկական հուշարձանններն ու եկեղեցիները, հրաժարվելով Հայստանի հետ նորմալ միջպետական հարաբերություններ հաստատելուց, նման քայլերով  շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի վրա:


Բավական տեղին է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի նկատառումը.?Ես կողմ եմ, որ մեզանից յուրաքանչյուրն այցելի և տեսնի Աղթամարն ու մնացած հուշարձանները, սակայն անպայման չէ հենց  այդ օրը: Եվ, եթե թուրքերն ուղղակի ուզում են զուռնա դհոլ անել, այդ թատրոնին մասնակցելը ճիշտ չէ?,- հավելում է նա:


Վերջին տեղեկությունն արդեն ենթադրություների ու կարծիքների շարքից չէ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չեղյալ է համարել սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին երկու հոգևորականների գործուղումը: Մայր Աթոռի մամլո դիվանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.?Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով և ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիո իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հետաձգվում է: Մայր Աթոռին վստահեցվել էր, որ Սեպտեմբերի 19-ին մատուցվող Պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբեթին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչը: Նկատի ունենալով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը?:


Եվ վերջում ավելացնենք, որ 2007թ. Խուրբ Խաչի վերականգնողական աշխատանքներն ավարտելուց հետո Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը պաշտոնապես դիմել էր Թուրքիայի իշխանություններին` եկեղեցու վրա խաչ տեղադրելու խնդրանքով: Այդ նպատակով պատրիարքը հատուկ խաչ էր պատվիրել և ուղարկել Վան` հույս ունենալով, որ օրերից մի օր թուրքական իշխանությունները կընդառաջեն իր դիմումին:


Միանալով պատրիարքի հույսերին: