Մերի Մարտիրոսյան
Ազատ-Հայ
138 suicide incidents were registered in Armenia in 2010.
Meri Martirosyan reports on suicide statistics in Armenia and examines some of the measures that can lessen the number of casualties.
Աշխարհում տարեկան մեկ միլիոն մարդ ինքնասպանություն է գործում, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է: Համաշխարհային առողջապահական կազմակերպության կանխատեսումով, 2020 թվականին ինքնասպան կլինի շուրջ 1 միլիոն 530 հազար մարդ: Ստացվում է, որ յուրաքանչյուր 20 րոպեում ինքնասպան կլինի մեկ մարդ, իսկ ամեն 1-2 վայրկյանում կկատարվի սուիցիդի մեկ փորձ: Այս քայլին դիմում են տարբեր տարիքի մարդիկ, սակայն վերջին շրջանում նկատելի է մեծահասակների կողմից կատարվող ինքնասպանությունների աճ:
2010 թվականին Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության 138 դեպք, որից մինչեւ 17 տարեկանների կողմից կատարված` 9 , իսկ 18-29 տարեկան` 24 դեպք: Այս տարի արդեն արձանագրվել է ինքնասպանության 103 դեպք, որից 5-ը՝ մինչեւ 17 տարեկանների, իսկ 22-ը` 18-29 տարեկանների կողմից: Ինքնասպանների մեծ մասը տղամարդիկ են: 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրված ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի մեծ մասն էլ կատարել են գործազուրկները, կենսաթոշակառուները, ուսանողները, աշխատանք եւ զբաղմունք ունեցողները:
ՀՀ Ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, 2011 թվականի հունվար-հունիսին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 338 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ առկա է 6,6 տոկոս աճ:
Հոգեբույժները նշում են, որ շատ կարեւոր է մարդու համար շրջապատի հետ խոսելը, խնդիրների մասին կիսվելը, իսկ երբ մարդ միայնակ է մնում իր խնդրի հետ՝ կարող է վատ հետեւանքներ ունենալ:
Աշխարհի շատ երկրներում ընդունված է կամուրջ կառուցելիս նաեւ ցանց կառուցել, որն ավելի անվտանգ է դարձնում այդ շինությունը: Սակայն Հայաստանում չկա նմանատիպ ոչ մի կամուրջ, իսկ ինչպես հայտնի է` ինքնասպանությունների մեծամասնությունը կատարվում է հենց կամրջից նետվելու միջոցով: Կան նաեւ անվտանգության այլ միջոցներ, որոնց կիրառումը թույլ կտա առնվազն նվազեցնել նման դժբախտ դեպքերը։
Իհարկե, ամեն պարագայում կարելի է գտնել երեւույթը կանխարգելող շատ միջոցներ, սակայն ամենակարեւոր միջոցը երկրում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է, որն էլ կկրճատի ինքնասպանությունների թիվը։ Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ինքնասպանությունների ճնշող մեծամասնությունը կատարվում է սոցիալական դրդապատճառներով: Դրանք էլ անմիջականորեն անդրադառնում են մարդու հոգեկան աշխարհի վրա: