The full text of the consitution of the Diocese of Kuwait and Arabian Gulf Countries of the Catholicosate of Cilicia, singed on 30 April 1994 by the Catholicos Karekin II. The text is in Eastern Armenian. See here for Western Armenian text.
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՎԵՅԹԻ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ԾՈՑԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԵՄԻ
Ա. ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
1. Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմը կազմված է եկեղեցու՝ Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Կատարում, Օմանում և Սաուդյան Արաբիայում բնակվող զավակներից:
2. Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմը ենթակա է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությանը և նյութապես ու բարոյապես հաշվետու է նրան:
3. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության հրահանգով տեղի կունենա Թեմի կազմակերպությունը՝ համաձայն Հայ Եկեղեցու ավանդությունների, Ազգային Սահմանադրության ոգու, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կանոնադրության և տեղական կառավարությունների օրենքների:
4. Թեմին պատկանող յուրաքանչյուր անհատ Թեմի հանդեպ ունի պարտավորություններ և իրավունքներ: Անհատի պարտավորություններն են՝
ա) մասնակցել թեմական ծախսերին իր կարողության չափով.
բ) բարեխղճորեն կատարել իրենից պահանջվող ծառայությունները.
գ) հարգել Թեմի կանոնադրությունը, ինչպես նաև թեմական մարմինների կարգադրություններն ու տնօրինումները:
5. Թեմական մարմինների պարտականություններն են՝
ա) հոգալ համայնքին կրոնական, բարոյական, մտավոր, կրթական և նյութական կարիքները.
բ) հսկել կրոնական-եկեղեցական կյանքի կանոնավորությունն ու վայելչությունը և հայ դպրոցներում կրոնական և հայեցի դաստիարակությունը.
գ) իրենց բարձրության վրա և բարեկարգ վիճակի մեջ պահել Հայ Եկեղեցին և վարժարանները՝ հոգ տանելով, որ համայնքի զավակները անհրաժեշտ ուսում և կրթություն ստանան.
դ) եկեղեցապատկան շարժական և անշարժ գույքերը իմաստությամբ տնտեսել՝ ջանալով ավելացնել հասույթները և հոգալ անհրաժեշտ ծախսերը.
ե) խնամել կարիքավորներին և աղքատներին.
զ) ազգայինների միջև ծագած ամուսնական և այլ վեճերը լուծել խաղաղասիրությամբ և արդարությամբ.
է) աշխատանք տանել առհասարակ համայնքի բարօրության և առաջադիմության համար:
6. Համայնքի յուրաքանչյուր անհատի իրավունքն է իր քվեով մասնակցել Թեմական Ժողովի ընտրությանը: Հայ Եկեղեցու ամեն մի անդամ քվեարկելու իրավունք ունի, եթե բավարարի 52-րդ հոդվածում նշված պայմանները:
7. Թեմի վերին մարմինն է Թեմական Ժողովը, որն ընտրվում է ժողովրդի կողմից, և որը որպես իր ներկայացուցիչ ընտրում է Առաջնորդ, Ազգային Վարչության Ժողով և Կրոնական Ժողով:
8. Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների Թեմի վարչական կենտրոնն է Քուվեյթ քաղաքը, որտեղ գտնվում է Առաջնորդը:
ԺՈՂՈՎԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
9. Թեմի ժողովների անդամակցությունը պատվակալ է, և ոչ ոք չի վճարվում: Ոչ ոք չի կարող ժողովի մաս կազմել, եթե չի տիրացել ընտրողի իրավունքին՝ 52-րդ հոդվածի դրույթների համաձայն:
10. Ամեն ժողով պետք է ունենա իր դիվանը, որը կազմված է ատենապետից, ատենադպիրից և, ըստ անհրաժեշտության, փոխատենապետից և փոխատենադպիրից: Դրամական գործառնություն ունեցող ժողովների դիվանում ավելանում է նաև գանձապետ:
11. Դիվանի անդամների ընտրությունը տեղի է ունենում գաղտնի քվեարկությամբ:
12. Դիվանը պարտավոր է հսկել ժողովի աշխատանքների կանոնավորությունն ու որոշումների գործադրությունը:
13. Ատենապետի պաշտոնն է վարել ժողովի աշխատանքները, հսկել և ուղղություն տալ վիճաբանություններին և պահպանել կանոնական դրույթները:
14. Ատենադպիրի պաշտոնն է վարել ժողովի դիվանական աշխատանքները և ատենագրությունները, թղթակցությունները պահել մասնավոր թղթածրարների մեջ:
15. Գանձապետի պաշտոնն է ժողովի կողմից կնքված ու վավերացված հաշիվները պահել հատուկ տոմարի մեջ, իրենց մուտքերի և ելքերի փաստաթղթերով և կանոնավորությամբ:
16. Ժողովը համարվում է օրինական գումարված, երբ առկա է նրա անդամների պարզ մեծամասնությունը: Ժողովը դադարում է օրինավոր լինել, երբ ներկաների թիվը մեծամասնություն չի կազմում: Այդ դեպքում ժողովը խորհրդակցական հանգամանք է ունենում և չի կարող որոշումներ կայացնել:
17. Յուրաքանչյուր ժողով ամեն տարի պարտավոր է իրեն ընտրող կամ նշանակող գերադաս մարմնին ներկայացնել իր բարոյական և նյութական գործունեության հաշվետվությունը:
18. Յուրաքանչյուր ժողովական պատասխանատու է իր պատկանած ժողովի, յուրաքանչյուր ժողով՝ իրեն ընտրող կամ նշանակող գերադաս մարմնի, իսկ Թեմական Ժողովը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության առաջ:
19. Որևէ ժողովի անդամ, ով ցանկանում է հրաժարվել, իր գրավոր հրաժարականը ներկայացնում է նույն ժողովի նախագահին, իսկ նրա բացակայության դեպքում՝ ատենապետին, ով նրա հրաժարականը հղում է պատկան ժողովին՝ առ ի պատշաճ տնօրինում:
20. Թեմական կամ ուրիշ ժողովի անդամը համարվում է պաշտոնը դադարեցրած, երբ իր արարքը ենթակա է 48-րդ հոդվածի դրույթներին կամ չի բավարարում 52-րդ հոդվածով նախատեսված պայմանները:
21. Երբ ժողովի անդամների կեսից ավելին բացակա է որևէ պատճառով, ամբողջ ժողովը համարվում է հրաժարական տված, և տեղի է ունենում նոր ընտրություն կամ նշանակում:
22. Պաշտոնավարության շրջանը ավարտող կամ հրաժարվող ժողովը պարտավոր է շարունակել իր պաշտոնը մինչև նորի ընտրությունը կամ նշանակումը:
23. Յուրաքանչյուր մարմին պարտավոր է ունենալ իր գոյից ցուցակը և ամեն տարի այն ենթարկի հաշվեկշռի:
24. Որևէ ժողովի կամ ժողովական դիվանի իրավասության սահմանները և գործունեության բնույթը պետք է հստակորեն գծված լինեն ներքին կամ մասնավոր կանոնադրությամբ՝ գործերի կանոնավորությունը ապահովելու և պատասխանատվությունները ճշտելու համար:
Բ. ԿԱԶՄԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐ
25. Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմը կառավարվում է հետևյալ մարմիններով՝ Առաջնորդի գլխավորությամբ:
ա) Առաջնորդ
բ) Թեմական Ժողով
գ) Ազգային Վարչության Ժողով
դ) Կրոնական Ժողով
ե) Դատաստանական Խորհուրդ
զ) Ազգային վարժարանների հոգաբարձություններ
Ա. ԱՌԱՋՆՈՐԴ
26. Առաջնորդը Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմի հոգևոր պետը և ներկայացուցիչն է և Թեմական, Կրոնական, Ազգային վարչությունների և այլ ժողովների նախագահը: Նրա պարտականություններն են՝ հսկել Հայ Եկեղեցու կրոնական և վարչական օրենքների և ծեսերի գործադրությունը, համայնքի հոգևոր կյանքի զարգացումը, եկեղեցական բարեզարդությունը, դպրոցների բարեկարգությունը, ինչպես նաև թեմական կազմակերպությունների կանոնավորությունը:
27. Առաջնորդի ընտրության համար Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը ներկայացնում է ընտրելիների եռանուն ցանկ: Թեմական Ժողովը այդ ցանկի հիման վրա կամ ցանկից դուրս գաղտնի քվեարկությամբ և քվեների պարզ մեծամասնությամբ ընտրում է Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Առաջնորդին: Ընտրությունը Կիլիկիոյ Կաթողիկոսի կողմից վավերացվում է և տեղեկացվում պատկան կառավարություններին:
Եթե որևէ պատճառով հնարավոր չի լինում Առաջնորդ ընտրել, Վեհափառ Կաթողիկոսը նշանակում է Կաթողիկոսական Փոխանորդ մինչև նոր առաջնորդի ընտրությունը:
28. Նորընտիր Առաջնորդը (իր ընտրությունը Կաթողիկոսի կողմից վավերացվելուց հետո) ձեռնարկում է իր գործունեությունը և հետևյալ ուխտն է անում Առաջնորդանիստ եկեղեցու մեջ, Թեմական Ժողովի անդամների ներկայությամբ.
?Աստծո առաջ ուխտ եմ անում հավատարիմ մնալ Հայ Եկեղեցու դավանությանը և օրենքներին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությանը, ինչպես նաև տեղական կառավարություններին և նրանց օրենքներին, Ազգային Սահմանադրության ոգուն, և հսկել Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմի կանոնադրության անթերի գործադրությունը?:
28. Առաջնորդն իրավասու է իբր փոխանորդ նշանակել հոգևորականի՝ Ազգային Վարչության Ժողովի հավանությամբ, իր բացակայությամբ վարելու Առաջնորդարանի ընթացիկ գործերը:
30. Առաջնորդը պարտավոր է ներդաշնակ կերպով գործակցել Ազգային վարչության Ժողովների հետ և գործադրել նրանց որոշումները: Տարակարծության դեպքում Թեմական Ժողովը հարթում է դժվարությունները: Զուտ կրոնական խնդիրների համար Առաջնորդը պատասխանատու է Կիլիկիոյ Կաթողիկոսության առաջ:
31. Առաջնորդը պարտավոր է իրեն ներկայացված խնդիրները ենթարկել իրավասու մարմինների կամ ժողովների քննությանը և որոշմանը:
32. Եթե Առաջնորդը մերժի Թեմական կամ Ազգային Վարչության ժողով գումարել, պատկան ժողովների դիվանները իրավասու են նիստի հրավիրել վերոհիշյալ ժողովները:
33. Առաջնորդն իրավասու է իր բացակայությամբ տրված որևէ որոշում վերաքննության ենթարկել և հակականոնադրային լինելու դեպքում առկախել դրա գործադրությունը:
34. Առաջնորդն իրավունք ունի Թեմի որևէ պաշտոնյայի կամ ժողովի մասին դիտողություն ներկայացնելու պատկան կամ այդ ժողովին գերադաս մարմիններին, հիմնավորող գրությամբ:
35. Առաջնորդը պարտավոր է ամբասիր վարք ու բարք ունենալ: Նրա դեմ ամբաստանություն կամ դիտողություն Թեմական Ժողովին կարող են ներկայացնել Կրոնական և Ազգային Վարչության ժողովները գրավոր կերպով՝ մեկ պատճենը հղելով միաժամանակ Առաջնորդին:
Թեմական Ժողովը Առաջնորդի բացատրությունները լսելուց հետո, եթե սպառի իրավախոհական միջոցները, ըստ այնմ հետևանք կտա հարցին և, եթե անհրաժեշտ գտնի, կնշանակի քննիչ հանձնախումբ, որի եզրակացությունները և գրավոր տեղեկագրերը կքննվեն Թեմական Ժողովում:
36. Առաջնորդը դադարում է պաշտոնավարել Թեմական Ժողովի պարզ մեծամասնության անվստահության քվեի դեպքում: Թեմականի տեղեկագիրը դիվանի կողմից գրավոր կհաղորդվի Կաթողիկոսությանը և Առաջնորդին և ըստ այնմ կտնօրինվի պարտն ու պատշաճը:
Նույնն է դրույթը Կաթողիկոսական Փոխանորդի դեպքում:
Բ. ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎ
37. Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմական Ժողովը բաղկացած է 21 անձից՝ 3 հոգևորական և 18 աշխարհական անդամներից:
38. Աշխարհական անդամներն ընտրվում են Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմի քվեի իրավունք ունեցող անձանց առնվազն 30 տոկոսի մասնակցությամբ: Առաջին ընտրությունը ապարդյուն մնալու դեպքում երկրորդ ընտրությանը մասնակցողների որևէ թիվ բավարար է համարվում, և Թեմական Ժողովին անդամներն ընտրվում են պարզ մեծամասնությամբ:
39. Աշխարհական անդամներից ինը ընտրվում են Քուվեյթից, չորսը՝ Արաբական Միացյալ Աբու Դաբիի Էմիրությունից, և հինգը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հյուսիսային վեց շրջանի էմիրություններից:
40. Թեմական Ժողովը Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմին պատկանող շարժական և անշարժ կալվածքների իրավատերն է և վերահսկիչը:
41. Թեմական Ժողովը վավերացվում է Կիլիկիոյ Կաթողիկոսության Ազգային Կեդրոնական Վարչության Խառն Ժողովի կողմից և սկսում է գործել վավերացումից անմիջապես հետո:
42. Թեմական Ժողովի իրավասություններն են՝
ա) ընտրել Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Առաջնորդին գաղտնի քվեարկությամբ և ընտրությունը մասնավոր տեղեկագրով ներկայացնել Կիլիկիոյ Կաթողիկոսությանը վավերացման համար.
բ) ընտրել Կաթողիկոսական ընտրության պատգամավորական Ժողովում Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմը ներկայացնող պատվիրակներին.
գ) ընտրել Կիլիկիոյ Կաթողիկոսության Ընդհանուր Ժողովում Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմի ներկայացուցիչ անդամներին.
դ) ընտրել Կրոնական և Ազգային Վարչության Ժողովները գաղտնի քվեների պարզ մեծամասնությամբ: Ազգային Վարչության անդամ պետք է լինի Աբու Դաբիից՝ մեկ, և Շարժա-Դուբայից՝ մեկ ներկայացուցիչ:
Աբու Դաբիի և Շարժա-Դուբայի տեղական վարչություններն ընտրվում են ժողովրդային քվեարկությամբ: Նրանց ընտրությունը վավերացվում է Ազգային վարչության կողմից, Քուվեյթում.
ե) հսկել Առաջնորդի, Կրոնական և Ազգային վարչության Ժողովների գործունեությունը և անհրաժեշտության դեպքում վեր հանել նրանց միջև ծագած անհամաձայնությունները և քննել նրանց դեմ եղած բողոքները.
զ) ամեն տարի նյութաբարոյական հաշվետվություն պահանջել Կրոնական և Ազգային Վարչության Ժողովներից.
է) ամեն տարի դեկտեմբերին քննել և վավերացնել նոր տարվա նախահաշիվ բյուջեն: Ազգային Վարչությունը պարտավոր է նախորդ տարում իրականացված բյուջեի հաշիվները և հաշվեքննիչի տեղեկագիրը Թեմական Ժողովին ներկայացնել ամենաուշը փետրվարի 1-ին.
ը) որոշել Ազգային տուրք՝ ազգայինների կարողության համաձայն, որ ամեն տարի յուրաքանչյուր ազգային պարտավոր է վճարել.
թ) լուծել այն խնդիրները, որոնք Կրոնական և Ազգային Վարչության Ժողովների կողմից ուղարկվում են իրեն.
ժ) Կիլիկիոյ Կաթողիկոսության հավանությամբ պատրաստել կամ փոփոխության ենթարկել Թեմի կազմակերպական կամ ներքին կանոնագիրը և հսկել դրա կիրառումը:
43. Թեմական Ժողովը ունենում է ատենապետ և ատենադպիր, ինչպես նաև փոխատենապետ և փոխատենադպիր:
44. Թեմական Ժողովը վերոհիշյալ պարտականությունները կատարելու համար պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ լիագումար նիստ ունենալ, Առաջնորդի և անհրաժեշտության դեպքում Թեմական Ժողովի դիվանի հրավերով կամ ժողովականների պարզ մեծամասնության գրավոր պահանջով կամ Ազգային վարչության ժողովներից մեկի խնդրանքով՝ կարևոր հանգամանքներում:
45. Թեմական Ժողովի նիստերը օրինավոր են, եթե ներկա ժողովականների թիվը մեծամասնություն է կազմում, և Առաջնորդը կամ փոխանորդն է նախագահում: Այդ երկուսի բացակայության դեպքում ժողովի ատենապետը միայն կարող է օրինավորապես բացել նիստերը:
46. Ժողովի որոշումները կայացվում են ներկաների քվեների մեծամասնությամբ: Երբ քվեարկությունը բաց է, քվեների հավասարության դեպքում ատենապետի քվեն դառնում է վճռական:
47. Ազգային Վարչության Ժողովների անդամները կարող են ներկա լինել Թեմական Ժողովի նիստերին և, եթե երեսփոխան են, մասնակցել քվեարկության, բացի այն դեպքից, երբ խնդիրը վերաբերում է Ազգային վարչության Ժողովի հաշվետվությանը՝ դրա դեմ հարուցված անվստահության կամ բողոքի հարցին:
48. Թեմական Ժողովի անդամները պարտավոր են կանոնավորությամբ կատարել իրենց պաշտոնը: Երեք անգամ հաջորդաբար առանց բանավոր պատճառի բացակայող անդամը, ինչպես նաև Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմի իր շրջանից որևէ պատճառով մեկ տարի բացակայող անդամը համարվում է հրաժարյալ:
49. Եթե Թեմական Ժողովը կորցնի իր շրջաններից մեկի աշխարհական անդամների կեսից ավելին, այդ շրջանի Ազգային Վարչությունը պարտավոր է ժողովրդական նոր ընտրությամբ կազմել նոր ժողով և տեղեկագրել Կիլիկիոյ Կաթողիկոսությանը հաստատման համար: Նորակազմ Ժողովն իր շրջանը ավարտում է Թեմական Ժողովի նստաշրջանի ավարտին:
50. Թեմական Ժողովի ատենապետն ու ատենադպիրը չեն կարող միաժամանակ Ազգային Վարչության Ժողովի անդամ լինել:
51. Թեմական Ժողովին անդամների պաշտոնավարության շրջանը չորս տարի է: Չորս տարի հետո ամբողջական նոր ընտրություն է կատարվում: Նախկին անդամները վերընտրելի են:
52. Թեմական Ժողովի անդամներն ընտրվում են Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմի մեջ բնակվող Հայ Եկեղեցու այն անդամների կողմից, որոնք բավարարում են հետևյալ պայմանները.
ա) Հայ Եկեղեցու զավակ լինել.
բ) 18 Տարիք լրացրած լինել.
գ) Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմի մեջ հաստատված լինել քվեարկությունից առնվազն վեց ամիս առաջ.
դ) քրեական հանցանքով դատապարտված չլինել.
ե) ազգային տուրքը վճարած լինել կանոնավորապես.
զ) մտային խանգարում ունեցած չլինել.
է) Թեմական կամ Ազգային Վարչության Ժողովի կողմից իբրև զեղծարար դատապարտված կամ համայնքային պաշտոններից վտարված չլինել:
53. Թեմական Ժողովի անդամ կարող են ընտրվել այն անձինք, ովքեր առնվազն 25 տարեկան են և բավարարում են 52-րդ հոդվածում նշված պայմանները:
Գ. ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
54. Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմի Ազգային Վարչությունը բաղկացած է յոթ կամ ինը անդամներից (որոնցից երկուսը՝ Աբու Դաբիից և Շարժա-Դուբայից), որոնք 25 տարեկանից բարձր տարիքի են, ունեն ընտրելու և ընտրելի լինելու իրավունք և բավարարում են 52-րդ հոդվածի պայմանները:
55. Ազգային վարչությունը ընտրվում է երկու տարվա պաշտոնավարության համար՝ Թեմական Ժողովի կողմից: Անդամները վերընտրելի են:
56. Թեմական Ժողովի անդամները կարող են Ազգային Վարչության անդամ ընտրվել:
57. Ազգային Վարչությունն ունենում է դիվան՝ ատենապետ, ատենադպիր, գանձապահ:
58. Ազգային Վարչությունը պարտավոր է՝
ա) բավարարել Քուվեյթի և Արաբական Ծոցի Երկրների Թեմի Հայ Եկեղեցու զավակների ազգային-եկեղեցական, կրթական, բարոյական և տնտեսական կարիքները.
բ) նշանակել խնամակալ մարմիններ եկեղեցիների համար՝ ապահովելու համար նրանց հոգատարությունը և պայծառությունը.
գ) նշանակել հոգաբարձու մարմիններ վարժարանների համար, որոնց հանձնում է ազգային վարժարանների խնամատարությունը.
դ) քննել և վավերացնել հոգաբարձու մարմինների նյութաբարոյական ծրագիրը և անհրաժեշտության դեպքում օժանդակել դրանց իրագործմանը, և հարկ եղած դեպքում նկատի ունենալ այն ամբողջացնելու հնարավորությունները.
ե) պահել մկրտությունների, ամուսնությունների, ամուսնալուծումների և մահերի արձանագրությունները, ինչպես նաև համայնքի շարժական և անշարժ գույքերի կանոնավոր ցուցակները.
զ) գործադրել Թեմական Ժողովի կողմից վավերացված բյուջեն և տարին մեկ անգամ նյութաբարոյական հաշվետվություն ներկայացնել Թեմականին՝ ներկայացնելով նաև հաջորդ տարվա նախահաշիվ բյուջեն.
է) նշանակել մարմիններ կամ հանձնախմբեր՝ ըստ կարիքի:
59. Երբ Ազգային Վարչությունը կամ շրջանի վարչությունը կորցնում է իր ժողովականների մեծամասնությունը, նոր ընտրությամբ կազմվում է նոր վարչություն:
60. Եթե Ազգային Վարժության ժողովում առաջ եկած անհամաձայնության պատճառով հնարավոր չլինի որևէ խնդիր կարգադրել, նույն խնդիրը կենթարկվի այդ շրջանի Թեմական Ժողովի որոշմանը, և նրա վճիռը կլինի վերջնական:
61. Ազգային Վարչության պաշտոնավարության շրջանից հետո, որը երկու տարի է, վերջանում է նաև դրանից բխող ժողովների պաշտոնավարության շրջանը:
Դ. ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
62. Կրոնական Ժողովը բաղկացած է երեք կամ հինգ անդամներից, որոնք ընտրվում են Թեմական Ժողովի կողմից:
63. Կրոնական Ժողովի պաշտոնավարության շրջանը երկու տարի է: Այն ընտրվում է Ազգային Վարչության հետ միաժամանակ և դադարում է նրա հետ: Կրոնական Ժողովի անդամները վերընտրելի են:
64. Կրոնական Ժողովի պաշտոնն է կրոնական գործերի ընդհանուր տեսչությունը: Իր պարտավորությունն է Հայ Եկեղեցու դավանությունն ու ավանդությունները անխախտ պահել և ազգի մեջ ծագած կրոնական վեճերը քննելով՝ լուծել դրանք Հայ Եկեղեցու օրենքների համաձայն:
65. Ազգային Վարչության Ժողովը և Կրոնական Ժողովը միասնաբար կազմում են Խառն Ժողովը, որը զբաղվում է միանգամայն վարչական և կրոնական բնույթ կրող խնդիրներով:
66. Ամուսնական և ընտանեկան վեճերի առիթով Դատաստանական Խորհրդի կայացրած որոշումները, հայց ներկայացվելու դեպքում, վերաքննվում են Խառն Ժողովի կողմից՝ իբրև Վերաքննիչ Ատյան:
Ե. ԴԱՏԱՍՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
67. Դատաստանական Խորհուրդն ունենում է Նախադատ Ատյան և Վերաքննիչ Ատյան, որոնք բաղկացած են 3 կամ 5 անդամներից, որոնցից մեկը պիտի անպայման հոգևորական լինի:
68. Դատաստանական Խորհրդի անդամները նշանակվում են երկու տարվա համար, Խառն Ժողովի կողմից: Շրջանների մեջ՝ տեղական վարչությունների կողմից: Նրանք կարող են վերստին նշանակվել:
69. Դատաստանական Խորհրդի պաշտոնն է ընտանեկան և ամուսնական վեճերը քննել և լուծել Հայ Եկեղեցու կանոնների և ավանդությունների համաձայն:
70. Դատաստանական Խորհուրդը Նախադատ Ատյանն է: Նրա քննած խնդիրները անհրաժեշտության դեպքում վերաքննվում են Խառն Ժողովի կողմից իբրև Վերաքննիչ Ատյան: Ամուսնալուծման որոշումները հղվում են Մեծի Տանն Կիլիկիոյ վեհափառ Կաթողիկոսին, ով վճիռ է կայացնում:
Զ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ
71. Իր հոգատարության տակ գտնվող Ազգային Վարժարանի համար Ազգային Վարչությունը պարտավոր է նշանակել հոգաբարձություն, որը բաղկացած է ուսումնական և վարչական գործերին ծանոթ 5, 7 կամ 9 ազգայիններից:
72. Հոգաբարձությունն ընտրում է իր դիվանը՝ ատենապետ, ատենադպիր և գանձապահ:
73. Հոգաբարձությունը պարտավոր է սերտ կապ պահել Ազգային Վարչության հետ, իր ատենագրությունների պատճենը տրամադրելով Ազգային Վարչությանը, որի անդամները միաժամանակ չեն կարող Հոգաբարձության մաս կազմել:
74. Հոգաբարձության շրջանն ավարտվում է Ազգային վարչության պաշտոնավարության շրջանի հետ:
75. Հոգաբարձությունն իր աշխատանքները շարունակում է մինչև նորի նշանակումը, եթե Ազգային Վարչությունը որևէ պատճառով ժամկետից շուտ հրաժարվի իր պաշտոնավարությունից:
76. Հոգաբարձությունից հրաժարվող կամ մեկնող անդամի փոխարեն Ազգային Վարչությունը նշանակում է նոր անդամ: Երբ Հոգաբարձությունը կորցնում է իր մեծամասնությունը, Ազգային Վարչությունը ընտրում է նոր Հոգաբարձություն:
77. Հոգաբարձության անդամները վերանշանակելի են:
78. Հոգաբարձությունը պարտավոր է՝
ա) ստանձնել Ազգային Վարժարանի հոգատարությունը.
բ) Ազգային Վարչության հետ խորհրդակցաբար նշանակել Ազգային Վարժարանի տնօրեն:
գ) հսկել Ազգային Վարժարանի ուսումնական մակարդակը.
դ) հոգ տանել Ազգային Վարժարանի շենքերին և նոր հարակից մասերին.
ե) տնօրենի հետ խորհրդակցաբար հրավիրել ուսուցչական կազմ.
զ) պատրաստել Ազգային Վարժարանի բյուջեն և այն ներկայացնել Ազգային Վարչության վավերացմանը:
79. Հոգաբարձությունը տարեկան տեղեկագիր է ներկայացնում իր շրջանի Ազգային Վարչությանը:
80. Հոգաբարձությունը իր ուսումնական, նյութական և բարոյական գործունեության համար պատասխանատու է շրջանի Ազգային Վարչությանը:
Գ. ԹԵՄԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
81. Ազգային Վարչությունը ընտրություններից շուրջ երկու ամիս առաջ նշանակում է Ընտրական Հանձնախումբ՝ բաղկացած 5 կամ 7 անդամներից, որը նախապատրաստում և վարում է ընտրությունները:
Ընտրական Հանձնախմբի անդամը, եթե ուզում է իր թեկնածությունը առաջարկել որպես թեմական երեսփոխան, պարտավոր է հրաժարվել հանձնախմբից:
82. Ընտրական Հանձնախմբի պարտականությունն է պատրաստել ընտրողների և ընտրելիների այբբենական ցանկը և ընտրությունից անմիջապես առաջ այն 15 օր բաց պահել եկեղեցու շրջափակի մեջ՝ հնարավորություն տալու համար համայնքի անդամներին, որ ստուգեն այնտեղ իրենց անունների արձանագրված լինելը:
83. Ընտրական Հանձնախումբը ընտրողների և ընտրելիների համար պատրաստել է տալիս մասնավոր քարտեր, որոնք կնքվում են Ընտրական Հանձնախմբի կնիքով և կրում են ընտրողի անունը, ազգանունը, հոր և մոր անունը, զբաղմունքը և հեռախոսի համարը: Այս արձանագրությունը պահվում է ընտրողների տոմարի մեջ:
84. Ընտրական քարտերը բաժանվում են ընտրության օրվանից 15 օր առաջ:
85. Ընտրության օրը որոշվում է Ընտրական Հանձնախմբի կողմից, Ազգային Վարչության համաձայնությամբ: Թեմական ընտրությունների թեկնածուները իրենց թեկնածությունը պետք է առաջարկեն գրավոր կերպով, ընտրությունից 15 օր առաջ:
86. Ընտրական Հանձնախումբը պատրաստում է թեկնածուների ազգանուններով ընտրելիների այբբենական ցանկ: Ընտրողներն ազատ են իրենց քվեները տալ այդ ցանկից դուրս թեկնածուների:
87. Քվեարկությունը գաղտնի է, ուղղակի և անձնական:
88. Քվեարկողները պարտավոր են անձամբ ներկայանալ և կարգով ու առանձնաբար հրավիրվում են Ընտրական Հանձնախմբի առջև և իրենց ինքնությունը հաստատվելուց հետո իրենց քվեաթուղթը գցում են քվեատուփի մեջ: Ուրիշների միջոցով կամ թղթատարով ուղարկված քվեները չեն ընդունվում:
89. Ընտրողը պետք է իր քվեաթղթի վրա գրի այնքան ընտրելիների անուն, ովքեր այդ օրը պիտի ընտրվեն: Պետք է ընթեռնելի գրի ընտրելիների անունը և ազգանունը: Քվեաթղթի վրա գրված անունները նկատի են առնվում վերից վար կարգով: Եթե ավելորդ անուններ կան, նկատի չեն առնվում, ինչպես նաև պակաս ընտրելիներ արձանագրողներին իրավունք չի տրվում դրանք ամբողջացնելու:
90. Քվեարկությունը բոլոր շրջանների մեջ նախընտրաբար նույն օրը պետք է տեղի ունենա:
91. Քվեարկությունը սկսած օրը պետք է ավարտվի. եթե որևէ ընտրող չկարողանա քվեն ներկայացնել նույն օրը՝ ինչ պատճառով էլ լինի, այն այլևս չի ընդունվում, և նա բողոքելու իրավունք չունի:
92. Քվեարկությունից առաջ Ընտրական Հանձնախմբի նախագահը բացում է քվեատուփը և ներկաների առաջ դրա դատարկ լինելը ստուգելուց հետո փակում է այն և կնքում է կողպեքը: Բացի Ընտրական Հանձնախմբի անդամներից, ոչ ոք իրավունք չունի դիպչելու քվեաթղթերին և քվեատուփին:
93. Ոչ ոք իրավունք չունի քվեարկելու տարբեր անուններով երկու անգամ կամ երկու տարբեր վայրերում:
94. Յուրաքանչյուր ընտրող մեկ քվե տալու իրավունք ունի. մեկից ավելի քվե պարունակող պահարանները նկատի չեն առնվում:
95. Քվեարկության որոշյալ ժամը լրանալուց հետո որևէ նոր քվե չի ընդունվում, ինչ պատճառով էլ լինի, և ենթական բողոքելու իրավունք չունի:
96. Քվեարկությունը ժամանակին ավարտելուց անմիջապես հետո կատարվում է քվեահամարի գործողություն՝ Ընտրական Հանձնախմբի կողմից նախապես քվեարկության կանոնավորությունը հսկող քվեախույզերի օժանդակությամբ և Թեմական Ժողովի և Ազգային Վարչության անդամների ներկայությամբ:
97. Քվեահամարի ժամանակ նախ քննվում է քվեատուփի կնիքը, հետո քվեների և ընտրողներին թվերը ստուգելով՝ հաստատվում է ընտրության օրինավորությունը:
Ընտրական Հանձնախմբի անդամը, իր մոտ ունենալով երկու քվեախույզ, քվեները մեկ առ մեկ քվեատուփից հանելով՝ բարձրաձայն կարդում է, և առնվազն երեք քվեախույզ առանձին արձանագրում են կարդացված անունները:
98. Առավելագույն քվե ստացող թեկնածուները համարվում են ընտրված: Քվեների հավասարության դեպքում տարեց անդամն է համարվում ընտրված:
99. Քվեահամարն ավարտելուց և արդյունքը հաստատելուց հետո Ընտրական Հանձնախումբը պատրաստում է իր տեղեկագիրը, որը ստորագրում են նաև քվեախույզերը:
Ընտրական Հանձնախումբը պարտավոր է իր ընդհանուր տեղեկագիրը ութ օրվա ընթացքում ներկայացնել Ազգային Վարչությանը, որի վերջնական տեղեկագրի հիման վրա Թեմական Ժողովը հաստատում է կատարված ընտրության օրինավորությունը: Մինչև Թեմականի վավերացումը, Ազգային Վարչությունը պարտավոր է անվնաս պահել բոլոր քվեաթղթերը, արձանագրությունները և այլն:
Դ. ԿԱՆՈՆԱԴՐԻ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
100. Կանոնադրի քննությունը կարող է կատարվել իր գործադրության դրվելու թվականից մեկ տարի հետո միայն՝ հետևյալ պայմաններով.
ա) կանոնադրի քննության գրավոր պահանջ է ներկայացվում Թեմականի անդամների երկու երրորդի ստորագրությամբ.
բ) կանոնադրի փոփոխությունները վավերացվում են Թեմականի կողմից, անդամների երկու երրորդի մեծամասնությամբ.
գ) կատարված փոփոխությունները գործողության մեջ են մտնում Կիլիկիոյ Կաթողիկոսության կողմից հաստատվելուց հետո:
Վերոհիշյալ կանոնադրությունը, որը բաղկացած է հարյուր հոդվածից, քննարկելուց հետո վավերացնում ենք և հրահանգում գործադրությունը:
ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
30-ը ապրիլի, 1994 թ.