Օտարալեզու դպրոցների օրինականացման մասին

Օտարալեզու դպրոցների օրինականացման մասին

Armen Ayvazyan


 


Known historian and political scientist Armen Ayvazyan of Ararat Center for Strategic Research criticizes the Armenian government's attempt to introduce a draft resolution to the Armenian Assembly related to the introduction of foreign language schools in Armenia. The article was first delivered during a debate in the Ararat Center on 25 May 2010 


Օտարալեզու դպրոցներն օրինականացնելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը հակասում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ?դրույթներին?


Արմեն Այվազյան
Քաղաքական գիտությունների դոկտոր


Սույն ելույթը ներկայացվել է ?Արարատ? ռազմավարագիտական կենտրոնում կայացած՝ ?Լեզվաքաղաքականության հրատապ խնդիրները Հայաստանում? խորագրով քննարկմանը (25 մայիսի 2010)։


ՀՀ կառավարությունը, հանդիպելով հայ հասարակության հուժկու դիմադրությանը, որոշել է իր պատրաստած ??Լեզվի մասին? Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին? օրենքի նախագիծը ետ վերցնել ՀՀ Ազգային ժողովից, լրամշակել, այնուհետև նորից ԱԺ ներկայացնել։


Լրամշակումը նախատեսելու է օտարալեզու կրթություն ստանալու տարիքային և տոկոսային ինչ-որ սահմանափակումներ, սակայն ռազմավարական ուղղության փոփոխություն տեղի չի ունենալու։ ՀՀ կառավարությունը ցանկանում է որևէ միջոցով սողանցք գտնել ՀՀ օրենսդրության մեջ՝ օտարալեզու հանրակրթական դպրոցների բացումն օրինականացնելու համար։ Այսինքն՝ հանրությունը ականատես է կառավարության ընդամենը մարտավարական նահանջի, որը, բնականաբար, մեզ բավարարել չի կարող։


Հայրենի գիտնականներն ու մասնագետները շարունակում են իրենց կտրուկ անհամաձայնությունը հայտնել ՀՀ կառավարության պատրաստած նախագծին, ընդգծելով վերջինիս, մեղմ ասած, ապակառուցողական, հակագիտական և, անգամ, հակազգային բնույթը։ Խնդիրը դիտարկվում է լեզվաբանական, տեղեկատվական, իրավական, պատմական, հոգեբանական և նույնիսկ ֆիզիոլոգիական տեսանկյուններից, ինչպես նաև ազգային անվտանգության համատեքստում։ Այդուամենայնիվ, Հայաստանում լեզվաքաղաքականության բազմաթիվ հարցեր դեռևս լուսաբանման կարիք ունեն։
 
ՀՀ կառավարության համար ուղեցույց հանդիսացող ?ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը? (այսուհետև՝ ՀՀԱԱՌ), որը ես անձամբ բազմիցս քննադատել եմ որպես թույլ և Հայկական հարցը մի շարք դեպքերում շրջանցող փաստաթուղթ, այսուհանդերձ բավականին հստակ անդրադարձել է հայապահպանությանն ու հայոց լեզվին, համարելով առաջինը ?Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեք?, իսկ երկրորդը՝ նրան ?ծառայող գործոնների ու գործողությունների? բաղկացուցիչ։ ՀՀ պետական ամբողջ քաղաքականությունը համակարգելու կոչված սույն հիմնարար փաստաթղթի համապատասխան ձևակերպումներն ինքնին խոսուն են.


?Հայապահպանությունը. Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը` Հայրենիքում և Սփյուռքում?:


?Հայապահպանության ոլորտում [պետական մարմիններից պահանջվող գործողություններն են].


– հայագիտական ճյուղերի` հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի` որպես ազգային հոգևոր ժառանգության հարատևությունն ապահովող և ազգային ինքնությունը մարմնավորող գործոնների զարգացումը,


– ազգային մշակույթի համակողմանի զարգացումը` ինքնատիպության հիմքերի պահպանմամբ և համամարդկային մշակութային արժեքների ու նվաճումների յուրացմամբ, արտերկրում հայկական մշակութային ժառանգության ու նվաճումների արդյունավետ ներկայացումըե:


ՀՀԱԱՌ-ն ՀՀ պետական քաղաքականության նպատակների մեջ է ներառում ?հայոց լեզվի` որպես հայ ազգի լեզվամտածողության հենքի և Հայաստանի Հանրապետության պետական լեզվի դերի բարձրացումը?։


Հասկանալի է, որ ՀՀ կառավարության ??Լեզվի մասին? Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին? օրենքի նախագիծը միտված է ոչ թե հայոց լեզվի` որպես Հայաստանի Հանրապետության պետական լեզվի դերի բարձրացմանը, այլ ճիշտ հակառակը՝ նրա նսեմացմանը։ Այն միտված է ազգային մշակույթի և հայագիտական ճյուղերի զարգացման խափանմանը։


ՀՀԱԱՌ-ում ?Սփյուռքի ազգամշակութային ինքնության թուլացումը? որակվում է իրբև ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված արտաքին սպառնալիք, իսկ ?բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության թերի վիճակն ու ազգային ինքնության աղավաղումը? Հայաստանում՝ ներքին սպառնալիք։ Հասկանալի է, որ Սփյուռքի ազգամշակութային ինքնության թուլացման տակ հասկացվում են, նախ և առաջ, հայոց լեզվի չիմացությունը կամ թույլ տիրապետումը, իսկ Հայաստանում ազգային ինքնության աղավաղման տակ՝ ի թիվս այլ բացասական երևույթների, հայոց լեզվի աղավաղման ընդգրկուն տարածումները։


ՀՀԱԱՌ-ի մեկ այլ պարբերության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ?բարեփոխումներն իրականացվում են ազգային ինքնության պահպանման պայմանով?։ Ներածությունն էլ ամրագրում է, որ ?ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը? հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգ է?։


Փաստորեն, ՀՀ կառավարությունը, փոխանակ ի կատար ածելու դեռևս 2007 թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատած հրամանագիրը, որով կառավարությանը հանձնարարված է ?Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի մշակումը և հաստատումը?, իրականացնում է այդ դրույթներին ճիշտ հակառակ գործունեություն։ Պարզից էլ պարզ է, որ ՀՀ կառավարությունը, նախաձեռնելով հայ երեխաների դեռևս չձևավորված անհատականության և ազգային ինքնության խեղումն օտարալեզու դասավանդմամբ դպրոցներում, կատարում է բացահայտ պաշտոնեական հանցագործություն, որոնք ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված են ?Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու? (հմր. 308) և ?Պաշտոնեական անփութության? (հմր. 315) մասին հոդվածներում։
 
Ավելորդ չի լինի մեջբերել որոշ հատվածներ սույն հոդվածներից, որպեսզի համոզվենք, որ նրանցում առկա գործողությունները լիովին համապատասխանում են ՀՀ կառավարության հայոց լեզվի օրենսդրական իրավունքները խախտող խնդրո առարկա գործողություններին.


Հոդվ. 308. ?Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ oգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաu է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու oրինական շահերին, հաuարակության կամ պետության oրինական շահերին??։


Հոդվ. 315. ?Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաu է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու oրինական շահերին կամ հաuարակության կամ պետության oրինական շահերին??։


Ընդ որում, սույն հանցագործությունն արդեն կատարվել է և այս մասին պետք է մտահոգվեն ՀՀ իրավապահ մարմինները (թեև մենք շատ լավ գիտենք, որ նրանք մատը մատին չեն խփելու)։ Եթե, սակայն, հայ ինքնության և հայոց լեզվի դեմ այս հերթական ոտնձգությունը և նրա հեղինակները չպատժվեն (թեկուզ և մոտ ապագայում) օրենքի ողջ խստությամբ, մենք պարբերաբար ստիպված ենք լինելու կանգնել արդեն վաղուց ազատագրված հոգևոր-մշակութային ?բարձունքները? նորից վերագրավելու և այդպիսով մեր սահմանափակ ուժերն անիմաստ վատնելու առջև։


* * *


Հայերենը պետք է ամեն գնով պահպանել որպես գիտության լեզու։ Արդյո՞ք դա հնարավո՞ր է։ Այո, միանգամայն։ Ի՞նչ է պետք անել դրա համար։ Անհրաժեշտ է ա) հայերեն թարգմանել համաշխարհային գիտական գրականությունը, բ) ստեղծագործել հայերենով, գ) թարգմանել հայերեն աշխատություններն օտար լեզուների։ Այս երեք խնդիրն էլ կստանան ինստիտուցիոնալ լուծում, եթե Հայաստանի Հանրապետությունում հիմնվի մի հատուկ (պայմանականորեն անվանենք) ?Նոր թարգմանչաց հիմնադրամ?, որի գործառույթների մեջ կլինեն, նախ, արդեն իսկ հայերեն թարգմանված, բայց տարիներով և նույնիսկ տասնամյակներով ձեռագիր վիճակում փոշոտվող աշխատությունների հրատարակումը. երկրորդ, ՀՀ գիտական հիմնարկների հետ համագործակցությամբ, օտար լեզուներով մասնագիտական գրականության թարգմանությունների առաջնահերթ ցանկի հաստատումն ու ֆինանսավորումը. և, երրորդ, հայերենից օտար լեզուների, հիմնականում՝ անգլերեն և ռուսերեն, թարգմանության և հրատարակության ֆինանսական ապահովումը։ Այսպիսով, թարգմանչական աշխատանքին կհաջողվի հաղորդել մշտական բնույթ։ Արդյո՞ք սա անլուծելի խնդիր է։ Իհարկե, ո՛չ։ Եթե այդ հիմնադրամն ունենա նույնիսկ 5-10 մլն դոլար նախնական գումար (ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատները մոտավորապես այդքան արժեն), ապա թարգմանչական շարժումը Հայաստանում աննախընթաց վերելք կապրի։ Իհարկե, եթե ?Նոր թարգմանչաց հիմնադրամը? ստեղծվի նույն ոչ մասնագիտական սկզբունքներով, ինչպես, օրինակ, ստեղծվեց և անմիջապես պարապուրդի մատնվեց ՀՀ Սփյուռքի նախարարությունը, մենք ցանկալի արդյունքը չենք ունենա։ Խնդիրը վերջնականապես կլուծվի միայն այն ժամանակ, երբ ՀՀ-ում քաղաքական իշխանությունը լինի ազգային պետություն կառուցելու օրակարգ ունեցող կառավարության ձեռքերում։


* * *


Ինչպես հայտնի է, լեզուն ազգը համախմբող ամենահզոր միջոցն է։ Նրանք, ովքեր իբր անհանգստացած են հայ ժողովրդի լեզվական մեկուսացումով և փորձում են հիմնավորել օտարալեզու կրթության անհրաժեշտությունը Հայաստանում համաշխարհային տեղեկատվական հոսքերը յուրացնելու ցանկությամբ, մոռանում են, որ գոյություն ունի նաև ներազգային տեղեկատվության փոխանցման ու փոխանակման անհրաժեշտություն։ Եթե թուլանում է ներազգային տեղեկատվության փոխանակումը, այդ թվում՝ մշակութային, քաղաքական և գիտական բնագավառներում, ու, ընդհակառակը, միակողմանիորեն ուժեղանում է օտար միջավայրերից ստացված տեղեկատվությունը, ապա նույն ազգի տարբեր հատվածներ պառակտվում են և դյուրին թիրախ դառնում դրսի ոչ-բարեկամ ուժերի հարվածների համար։ Երբ ասում ենք, որ աշխարհասփյուռ հայ ազգը պառակտված է, առաջին հերթին նկատի ունենք հե՛նց լեզվական պառակտումը, որը թույլ չի տալիս ստեղծելու արդյունավետ ներազգային տեղեկատվական դաշտ, որովհետև հատկապես արտերկրում բնակվող հայերի զգալի մասը մայրենի լեզվով չի կարողանում հաղորդակցվել՝ ստանալ և ուղարկել որևէ տեսակի տեղեկույթ։ Այդ իսկ պատճառով այսօր անհնար է մեր ժողովրդի բոլոր հատվածներին արագորեն իրազեկել համազգային նշանակություն ունեցող որևէ հրատապ հարցի մասին։ Հնարավոր չէ մեր դասական մշակութային ժառանգությունը, ինչպես նաև մեր օրերում գրված արժեքավոր գիրքը, հոդվածը, վերլուծությունն արագորեն և պատշաճորեն թարգմանել անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, որպեսզի սփյուռքահայությունն էլ ընկղմվի հայ մտքի շարունակականության և Հայաստանի կյանքի իրողությունների մեջ։ Խորհրդային տարիներին նույն խնդիրներն ուներ բուն Հայաստանում բնակվող մեր ռուսալեզու կրթություն ստացած զանգվածը։ Պատմության անիվը չի կարելի ետ պտտել։ Ներազգային տեղեկատվության փոխանակման ամենաարագ, ամենաճշգրիտ, ամենահարազատ ու ամբողջական միջոցը կարող է ապահովել միմիայն մայրենի լեզուն։


* * *


Եթե ՀՀ կառավարությունը հաջողեցնի իր այս վայ-նախաձեռնությունը և ՀՀ-ում դուռ բացի հայ երեխաներին լեզվապես ու մշակութապես ապահայացնելու համար, ապա այդ դպրոցները դառնալու են ներազգային թշնամության օջախներ, որից օգուտ են քաղելու արտաքին թշնամիներն ու բոլոր կայսերապաշտական ուժերը։ Հետևաբար, օտարալեզու հանրակրթական դպրոցներ Հայաստանում չպետք է լինեն։


Հայոց լեզվի, հայկական կրթության ու գիտության զարգացման դեմ ՀՀ կառավարության այս ոտնձգությունը՝ ոտնձգություն է հայի տեսակի  պահպանման դեմ։ Իսկ պատմությունը վկայում է, որ հայ ժողովուրդն իր տեսակի պահպանման համար մղել է բազմաթիվ պատերազմներ։ Որպես պատմաբան և քաղաքագետ, որը երկուսուկես տասնամյակ ուսումնասիրել է հայ ազատագրական շարժումները, դրանց գաղափարախոսությունն ու հոգեբանությունը, ես իմ պարտքն եմ համարում նախազգուշացնել ՀՀ իշխանություններին, որ նրանք, իրականում, խաղում են կրակի հետ, ու, զարմանալիորեն, դա չեն գիտակցում։ Ես կոչ եմ անում ՀՀ իշխանություններին ժամանակ տրամադրել և խորամուխ լինել հայ ազատագրական շարժումների բռնկման պատմական դրդապատճառների մեջ։ Ե՛վ իրենց, և՛ բոլորիս շահերից է բխում, որ հայալեզու կրթության այս հակազգային ծրագիրը մեկընդմիշտ թաղվի պատմության աղբանոցում։ Եվ որքան շուտ, այնքան լավ։