Եգիպտոս-Կիպրոս-Հունաստան սփյուռքի հարցերով արդեն իսկ գործող ձևաչափին կներգրավվի նաև հայաստանյան կողմը. Մխիթար Հայրապետյան

Եգիպտոս-Կիպրոս-Հունաստան սփյուռքի հարցերով արդեն իսկ գործող ձևաչափին կներգրավվի նաև հայաստանյան կողմը. Մխիթար Հայրապետյան

Վերջերս սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի ասուլիսը , որի ընթացքում նա ամփոփեց Կիպրոսի Հանրապետություն և ԱՄՆ կատարած այցերի արդյունքները:

Անդրադառնալով Կիպրոս կատարած պաշտոնական այցին՝ սփյուռքի նախարարը նշեց, որ այն ուներ երեք հիմնական նպատակ: Առաջին նպատակը Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ  եռակողմ հանդիպումը, փորձի փոխանակումն ու սփյուռքների համագործակցության շրջանակներում տարաբնույթ միջոցառումների կազմակերպումն էր:

«Հանդիպումներ ունեցա նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրի հետհեղափոխական Հայաստանի տեսլականը, լսեցի առաջարկներ: Իհարկե այցելեցի նաև «Մելքոնյան» կրթական հաստատություն, որի խնդրին ծանոթ եմ վաղուց, սակայն այս հարցում դեռևս հանդես եմ գալիս լսողի դերում, փորձում լսել բոլոր հիմնավորումները և շարունակել աշխատանքները երկու կողմերի հետ էլ»,-հավելեց նախարարը:

http://www.mindiaspora.am/res/Norutyunner/2018/08/21/%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%BD%202.jpg

Պաշտոնական այցի շրջանակներում նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիք և Եգիպտոսի ներգաղթի նախարար Նաբիլա Մաքրամի հետ:

Վերջինս հայ-եգիպտական հարաբերությունների սերտացման, սփյուռքների հարցերի շուրջ գործակցության մեկնարկի ցանկություն է հայտնել: «Հաշվի առնելով հեռանկարները՝ ես ևս դրական արտահայտվեցի համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Կիպրոսի նախագահի առաջարկով՝ որոշեցինք Եգիպտոս-Կիպրոս-Հունաստան սփյուռքի հարցերով արդեն իսկ գործող ձևաչափին ներգրավել նաև հայաստանյան կողմին:

Քայլն արված է, և առաջին քառակողմ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում: Ես սա համարում եմ Կիպրոս կատարած այցի ձեռքբերումներից մեկը, որը հող է նախապատրաստում նաև պետությունների ղեկավարների հանդիպումների համար: Կարևոր է նաև, որ այս երկրները Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հստակ դիրքորոշում ունեն»,

Ներկայացնելով ԱՄՆ կատարած աշխատանքային այցի հիմնական շեշտադրումները՝ սփյուռքի նախարարը նշեց, որ այցի հիմնական նպաստակը հայ համայնքի հետ տարվող աշխատանքները և նոր Հայաստանի ասելիքները համայնքին հասցնելը:

Անդրադառնալով Azad-Hye-ի հարցին, թե հայտնի է որ Կիպրոսի պետությունը հոգում է կիպրահայ համայնքի հայկական վարժարանների լրիվ ծախսերը: Այդուհանդերձ կիպրահայ աշակերտների կարևոր մի մասը չի հաճախում այդ վարժարանները: Սփյուռքի նախարարությունը կարո՞ղ է ինչ որ կերպ նպաստի այս իրավիճակի փոփոխության թե այդ համարվում է կիպրահայերի ներքին հարց.

http://www.mindiaspora.am/res/Norutyunner/2018/08/21/%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%BD%201.jpg

Նախարարը պատասխանեց.

«Իհարկե, հայապահպանության խթանման տեսանկյունից անչափ կարեւորում ենք, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ այցելեն հայկական վարժարաններ։ Չնայած ոչ բոլոր երեխաներն են այցելում Կիպրոսի հայկական վարժարաններ (գործում է «Նարեկ» վարժարանների ցանցը հայաշատ երեք քաղաքներում՝ Նիկոսիայում, Լառնակայում և Լիմասոլում), սակայն համայնքն ակտիվ աշխատանքներ է իրականացնում այս ուղղությամբ:

Մենք ակտիվորեն համագործակցում ենք համայնքի հետ եւ հնարավորինս աջակցում ենք այդ գործընթացին՝ դպրոցներին տրամադրելով ուսումնական գրքեր եւ ուսումնաօժանդակ պարագաներ, Հայաստանում իրականացնելով ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, երեխաներին ընդգրկելով նախարարության այլ ծրագրերին՝ խթանելու համար դպրոցների աշխատանքը, աջակցելու դպրոցների հնարավորությունների ընդլայնմանը, որն իր հերթին թույլ կտա ավելի շատ երեխաներ ներգրավել դպրոցներում ։

Պետք է նշենք նաև, որ դպրոցի երեք մասնաճյուղերում սովորում է ընդհանուր 238 աշակերտ և դպրոց հաճախող երեխաների թավաքանակը վերջին ինը տարիների ընթացքում ամեն տարի աճել է»:

Մխիթար Հայրապետյանը Եգիպտոսի ներգաղթի նախարարի հրավերով սեպտեմբերի վերջին պաշտոնական այցով կլինի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, այնուհետ աշխատանքային այց կկատարի Լիբանանի Հանրապետություն:

Հեղինակ՝ Էմմա Կարապետյան